Զբիգնև Բժեզինսկին Politico ամսագրի խմբագիր Մայքլ Հիրշին տված հարցազրույցում ասել է, որ առաջին անգամ ՆԱՏՕ-ի անդամ երկրի կողմից ռուսական ռմբակոծիչ խփելը լուրջ լարում է, բայց ոչ մահացու: Եթե գերիշխեն ողջախոհությունն ու բանականությունը, տարաձայնությունները կարող են բարենպաստ ազդեցություն ունենալ ոչ միայն տարածաշրջանային տհաճ պրոբլեմի լուծման վրա, այլև ավելի կործանարար հետևանքների կանխման, որ հրահրում է երեք գերտերությունների վրա հիմնված գլոբալ համակարգը: Նրա գնահատականով՝ Արևմուտքը Մերձավոր Արևելքի տագնապալից նորությունները ընդունեց հանդարտ և չտրվեց սպառնալիքներին, որ հնչում էին ռուսական ինքնաթիռը խփելուց հետո: Ռուսները նույնպես հասկացան, որ ճգնաժամի խորացումը ճանապարհ է ոչ մի տեղ: Միակ արդյունքը կլինի լուրջ առճակատումը, որտեղ Ռուսաստանը կարող է մեկուսացման մեջ հայտնվել: Բժեզինսկին կարծում է, որ լիովին հնարավոր է գերտերությունների հարաբերություններում առաջընթաց գրանցվի, ոչ միայն ռուս-թուրքական միջադեպի, այլև տարածաշրջանում բռնութունները կասեցնելու նպատակով համագործակցության ակտիվացման բարենպաստ մթնոլորտի ստեղծման առումով: Հազիվ թե որևէ մեկը մտածում է, որ միջադեպի պատճառով արժի վտանգավոր կոնֆլիկտ հրահրել, որը կարող է հանգեցնել իսկապես կործանարար հետևանքների: Զբիգնև Բժեզինսկին հիշեցրել է հոկտեմբերի սկզբին Financial Times-ում հրապարակված իր հոդվածը, որտեղ անհրաժեշտ է համարել Ռուսաստանի ներգրավումը Մերձավորարևելյան տարածաշրջանի ապագայի վերաբերյալ բանակցություններում: Վիեննայի բանակցություններում արվում է անհրաժեշտը՝ հաշվի առնելով ընդհանուր սպառնալիքը, որ առաջացնում են միջուկային տերությունների բարդ փոխհարաբերությունները: Նա չի կարծում, որ Բաշար Ասադի իշխանության երկարաժամկետ պահպանումը Ռուսաստանին մեծ օգուտներ է բերելու, իսկ անհապաղ հեռացումը որևէ առավելություն է տալու ԱՄՆ-ին: Բայց երկու տերությունների շահերից էլ բխում է, որ ԱՄՆ-ի ու ՌԴ-ի միջև չլինի լուրջ առճակատում: Նա հիշեցրել է, որ ՈՒկրաինայի կոնֆլիկտի հանգուցալուծման համար ինքն առաջարկում էր, որ ՈՒկրաինան հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելուց՝ իր անկախությունը պահելով իբրև փոխհատուցում: Այսօր իրավիճակը հենց այդ ուղղությամբ է զարգանում: Սիրիայի հարցում իր լավատեսությունը նա չի թաքցնում և նշում է, որ ռուսական ռմբակոծությունների մասին առաջին տեղեկությունները վկայում էին, որ նրանք հարվածում են տեղական խմբավորումներին, որոնց աջակցում է ԱՄՆ-ը: Նրանց պետք էր զգուշացնել և զգուշացվեց, այս անգամ արձագանքը ավելի զուսպ էր: Պուտինը մի քիչ հոխորտաց, հետո սկսեց խոսել պրոբլեմի լուծման ուղիների մասին: Թուրքերը համառություն ու կոպտություն դրսևորեցին, բայց միջադեպը չուռճացրին: Այս ողբերգության մեջ կողմերը իրենց խելամիտ են պահում: «Պե՞տք է անհանգստանալ Ռուսաստանի ու Չինաստանի համագործակցությունից, որ արվում է ի հակակշիռ ԱՄՆ-ի» հարցին Զբիգնև Բժեզինսկին պատասխանել է. «Ես այդպես չեմ կարծում: Կարճաժամկետ հեռանկարում Չինաստանի աշխարհաքաղաքական շահերը կայունություն, այլ ոչ թե կոնֆլիկտ են պահանջում: Կայունությունը Չինաստանին թույլ կտա մեծացնել իր ազդեցությունը և առաջ մղել «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախագիծը, որ երկակի ծրագիր է՝ ընդլայնելու Չինաստանի մուտքը Հնդկական օվկիանոս և ծովերով ու երկաթուղիով դուրս գալ Կենտրոնական Ասիա, ապա՝ Արևմուտք: Ծրագրվում է աստիճանաբար ու զգուշորեն փոխել Կենտրոնական Ասիայում Ռուսաստանի ու Չինաստանի ուժերի հավասարակշռությունը՝ հօգուտ Չինաստանի: Ռուսները ոչինչ չեն կարող դրա դեմ անել: Իսկ նախագծին մասնակցող երկրները գոհ են ադ հեռանկարից, բացի՝ Ղրղզստանից: Նրանք հասկանում են, որ կարող են կորցնել իրենց անկախությունը, եթե մաս դառնան Մոսկվայի առաջ մղած Եվրասիական միության: Չինացիները շատ լավ կարողանում են պահպանել հրապարակային չեզոքություն, միևնույն ժամանակ՝ գաղտնի օգնել կոնֆլիկտի այս կամ այն կողմին: Վերջերս նրանք կողմ քվեարկեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ՈՒկրաինայի անդամակցությանը: Հազիվ թե այդ քայլը ռուսներին կարող էր դուր գալ»:
Զբիգնև Բժեզինսկին զգուշացնում է, որ եթե Մերձավոր Արևելքում իրավիճակը վերահսկողությունից դուրս գա, Իրանի միջուկային ծրագրի համաձայնագիրը կարող է փլուզվել, իսկ դրա հետևանքները չափազանց վտանգավոր են: Դա լուրջ պրոբլեմներ կառաջացնի Իսրայելի համար՝ Իսրայելի ղեկավարության կեսը հակված է այդ դեպքում ռազմական տարբերակին: Այդ ամենը պայթյունավտանգ կդարձնի տարածաշրջանը և առավել կոշտ արձագանք կստանա տարածաշրջանից դուրս: Ռուսաստանն ու Արևմուտքը այս դեպքում համատեղ շահագրգռված են կայունությամբ: «Իշխանության փոխանցումը» և Ասադի հեռանալը երկարատև բանակցություններ կպահանջեն: «Ես չեմ կարծում, որ կողմերից որևէ մեկի կենսական շահերը կախված են Ասադի ճակատագրից»՝ պնդում է Զբիգնև Բժեզինսկին: «Որոշ փորձագետներ կարծում են, որ Պուտինի նպատակը գերտերության կարգավիճակը վերադարձնելն է և նա ոչնչի առաջ կանգ չի առնի իր նպատակին հասնելու համար»՝ հիշեցրել է Մայքլ Հիրշը և պան Զբիգնևը նրան առարկել է. «Գուցե նրա վերաբերմունքը այդ հարցերին իռացիոնալ է: Նա բացահայտ զայրացած է վերջին իրադարձություններից: Սակայն, իմ կարծիքով, Պուտինը շատ արագ հասկացավ, որ իրավիճակը լարելն իրեն ոչ մի օգուտ չի տալու, եթե պատերազմ չի ուզում: Բայց այդ դեպքում հարց է ծագում՝ պատերազմ ո՞ւմ դեմ և ի՞նչ հետևանքներով հենց իր համար»:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հետաքրքիր է՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարդո՞ւմ է Զբիգնև Բժեզինսկու հարցազրույցները: Տեղին կլիներ, որ կարդար ու ընկալեր, որ «կողմերից որևէ մեկի կենսական շահերը կախված չեն Ասադի ճակատագրից»: Այդ ժամանակ շատ ավելի արագ ու հեշտ կլիներ Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հաստատումը: Պարզ է, որ խնդիրը ոչ այնքան Բաշար Ասադի ճակատագիրն է, որքան՝ ում ազդեցությունը մեծ կլինի Սիրիայի նոր կառավարության վրա: Ռուսական ռմբակոծիչները հաստատում են ռուսական բաժնեմասի անխուսափելիությունը, ռուսական ինքնաթիռը խփելով՝ Անկարան իր մասնաբաժնի հայտը ներկայացրեց, ՆԱՏՕ-ն այս պարագայում չեզոքություն պահպանեց, ԱՄՆ-ը «չափավոր ընդդիմությանը» ֆինանսավորելով ու զինելով՝ ապահովում է իր ներկայությունը: Իրանը հաստատում է տարածաշրջանի լիդերի իր հավակնությունները: Իսկ պաշտոնապես բոլորը պայքարում են «Իսլամական պետության դեմ», որը փաստացի միջոց է՝ սեփական նպատակներին հասնելու համար, այլ ոչ թե սուբյեկտ ստեղծված իրավիճակում: